Ադրբեջանը հայտնվել է կապիտալի ապօրինի արտահանման գծով երկրների շարքում
ՄիջազգայինԱմերիկյան Global Financial Integrity հետազոտական կազմակերպության հրապարակած ուսումնասիրության համաձայն` Ադրբեջանը հայտնվել է կապիտալի ապօրինի արտահանման գծով երկրների ցուցակում՝ 148 զարգացող երկրների շարքում զբաղեցնելով 17-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է Ca-news-ը, նշվում է, որ Ադրբեջանից տարեկան անօրինական կերպով 9,5 մլրդ դոլար է դուրս բերվում:
Global Financial Integrity-ին ամերիկյան հայտնի հետազոտական կազմակերպություն է, որը վերլուծում է զարգացող երկրներից անօրինական ֆինանսական հոսքերը եւ հանդես է գալիս դրանք կրճատելու ուղղությամբ ազգային եւ միջազգային միջոցներ ընդունելու օգտին:
Ca-news-ը հայտնում է, որ GFI-ի հաշվարկման մեթոդաբանությունը հաշվի է առնում միայն երկրից անլեգալ կերպով դուրս բերված միջոցները, որոնք անդրադարձված չեն գործողությունների փաստաթղթերում: GFI-ի համար կարեւորագույն աղբյուր է մաքսային հայտարարագրման ժամանակ արտահանման եւ ներմուծման փաստական արժեքի նվազեցումը կամ բարձրացումը, որը, ըստ այդ կառույցի, կազմում է կապիտալի ապօրինի արտահոսքի 83,4 տոկոսը:
GFI-ին գնահատում է 2004-2013 թվականներց մինչեւ վերջին տարին եղած տվյալները, որոնցով տեղեկատվություն կա կապիտալի անօրինական դուրս բերման մասին:
Այդ ինքնատիպ հակավարկանիշը ավանդաբար գլխավորել են Չինաստանն ու Ռուսաստանը՝ համապատասխանաբար տարեկան 139,228 մլրդ դոլար եւ 104,977 մլրդ դոլար կապիտալի արտահոսքով:
Բացի Չինաստանից եւ Ռուսաստանից, առաջին քսանյակում են Մեքսիկան (52,844 մլրդ դոլար), Հնդկաստանը (51,029 մլրդ դոլար), Մալազիան (41,854 մլրդ դոլար), Բրազիլիան (22,667 մլրդ դոլար), Հարավային Աֆրիկան (20,922 մլրդ դոլար), Թաիլանդը (19,177 մլրդ դոլար), Ինդոնեզիան (18,071 մլրդ դոլար), Նիգերիան (17,804 մլրդ դոլար), Ղազախստանը (16,740 մլրդ դոլար), Թուրքիան (15,450 մլրդ դոլար), Վենեսուելան (12,394 մլրդ դոլար), Ուկրաինան (11,676 մլրդ դոլար), Կոստա-Ռիկան (11,346 մլրդ դոլար), Իրաքը (10,501 մլրդ դոլար), Ադրբեջանը (9,500 մլրդ դոլար), Վիետնամը (9,293 մլրդ դոլար), Ֆիլիպինները (9,025 մլրդ դոլար), Լեհաստանը (9,002 մլրդ դոլար):