Փարիզում ընթանում է Սիրիայի ընդդիմությանն աջակցող երկրների ներկայացուցիչների հանդիպումը
ՄիջազգայինՖրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 14-ի երեկոյան մեկնարկել է Սիրիայի ընդդիմությանն աջակցող երկրների ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: Նրա տվյալներով՝ խորհրդակցությանը մասնակցում են ինը երկրների ներկայացուցիչներ:
Ինչպես նշել են գերատեսչությունում, խորհրդակցության գլխավոր նպատակը դարձել է Սիրիային նվիրված միջազգային հանդիպման նախապատրաստումը, որը դեկտեմբերի 18-ին պետք է տեղի ունենա Նյու Յորքում Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ:
Փարիզում արդեն կայացել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի բանակցությունները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Քատարից եւ Թուրքիայից նրա պաշտոնակիցների հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպումներ է անցկացրել Քատարի եւ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը բոլոր այս բանակցությունների բովանդակությունը չի բացահայտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: