Յագլանդը հետաքննություն կսկսի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների փաստով
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը նախաձեռնում է պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու, թե որքանով են Ադրբեջանում հետևում Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում երևում է, որ Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու և ազատ խոսքը սահմանափակելու նպատակով տեղի է ունեցել իրավունքի չհիմնավորված կիրառում: Քանի որ այս բացասական իրադրությունը վերացնելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվել, ես որոշում եմ կայացրել Ադրբեջան ուղարկել իմ ներկայացուցիչներին: Նրանք կառավարությունից կպահանջեն զեկույցներ երկրում Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ»,- ասել է Յագլանդը՝ հատկապես մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում պաշտոնյաներն օգտագործում են իրենց լիազորությունները խոսքի ազատությունը սահմանափակելու համար: