Նյու Յորքը ներգրավվում Է Սիրիայի հակամարտության կարգավորման Վիեննայի գործընթացում
ՄիջազգայինՆյու Յորքում դեկտեմբերի 18-ին մեկնարկում է Սիրիայի աջակցման միջազգային խմբի երրորդ հանդիպումը, որը խնդիր է դրել հասնել արաբական այդ երկրում հակամարտության դադարեցման եւ քաղաքական գործընթաց սկսել այնտեղ, տեղեկացնում է Արմենպրեսը:
Բանակցություններն սկսվելու են օրվա առաջին կեսին Մանհեթենի Lotte New York Palace հյուրանոցում: Դրան կմասնակցեն 18 պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Սիրիական հակամարտության կարգավորման մարաթոնը կավարտվի օրվա երկրորդ կեսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճում, որտեղ, ինչպես սպասվում է, առաջին անգամ բանաձեւ կընդունվի հաջակցություն Վիեննայի գործընթացի:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտնել են, որ Նյու Յորքի հանդիպմանը կմասնակցեն նույն այն քսան պատվիրակությունները (18 երկրներ, ՄԱԿ-ը եւ Արաբական պետությունների լիգան), որոնք մասնակցել են նաեւ Վիեննայի նոյեմբերի 14-ի հանդիպմանը: Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, քննարկվելու են «ամբողջ երկրի տարածքում կրակի դադարեցմանն ուղղված քայլերը», հակամարտության կողմերի միջեւ բանակցությունների գործարկումը, ինչպես նաեւ ԻՊ-ի խմբավորման դեմ պայքարի ակտիվացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: