ՄԱԿ-ը հորդորել է Թուրքիային և Իրաքին լուծել երկու երկրների միջեւ առկա խնդիրը
ՄիջազգայինՄիավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը հորդորել է Թուրքիային և Իրաքին երկխոսության մեջ մտնել հյուսիսային Իրաքում տեղակայված թուրքական զորամիավորումների հարցով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Անվտանգության խորհրդի դռնփակ քննարկման ժամանակ անդամ պետությունները կոչ են արել թուրքական և իրաքյան կողմերին խնդիրը կարգավորել իրար մեջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ էր ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին, ով պահանջել էր, որ Թուրքիան անհապազ զորքերը դուրս բերի իր երկրի տարածքից: Նա նշել էր, որ թուրքական կողմը պետք է անհապաղ քաշվի դեպի երկու երկրների կողմից ընդունված միջազգային իր սահմանները և այլևս երբեք չխախտի Իրաքի ինքնիշխանությունը: «Միջազգային օրենքների և նորմերի համաձայն՝ այս ռազմական տեղակայումը թշնամական գործողություն է»,- ասել էր Իրաքի արտաքին գործերի նախարարը: