Թուրքական Նուսայբինում փողոց դուրս գալու արգելքի աշխարհագրությունն ընդլայնվել է
ՄիջազգայինԹուրքական Մարդին նահանգի Նուսայբին գավառի ևս 11 թաղամասերում դեկտեմբերի 21-ից գործելու է փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Տեղական իշխանությունները որոշումը պայամանավորել են Նուսայբինում ահաբեկչության աճող սպառնալիքի հետ՝ նշելով, որ քաղաքացիները սեփական անվտանգությունից ելնելով պետք է խուսափեն փողոց դուրս գալուց:
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում, ինչպես նաև Նուսայբինում մի քանի օր շարունակ գործում է փողոց դուրս գալու արգելքը: Այս շրջաններում թուրք զինվորները լայնածավալ գործողություններ են իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների դեմ: Գործողություններին զոհ են գնում նաև սովորական քաղաքացիներ:
Թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները հասցրել են դժգոհության և բողոքի ակցիաների պատճառ դառնալ ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: