Ադրբեջանական մանաթի դեվալվացիայի հետևանքով հանվել են ամանորյա զեղչերը
ՄիջազգայինԱդրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի դեվալվազիայի հետևանքով Բաքվի հագուստի խանութներում ամանորյա զեղչերը դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Բաքվի մի շարք մեծածախ առևտրի կետերում ապրանքի գները հանված են: Վաճառողները նշում են, որ այս պահին շատ ընկերություններ դադարեցրել են ապրանքների մատակարարումը, և ակնկալվում է, որ նոր ապրանքաբաժինը, որ կստանան, արդեն բարձրացված գներով կլինի:
Մասնավորապես նշվում է, որ առաջիկայում 50 տոկոսով կավելանան մթերքի և ծխախոտի գները: Ադրբեջանի մայրաքաղաքի խանութներում իսկական իրարանցում է սկսվել, քանի որ բնակիչները շտապում են գնել ապրանքները դեռևս չբարձրացված գներով: Երկրի խոշորագույն էլեկտրոնիկայի խանութների ցանցերը փակվել են:
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց՝ Trend-ը, գրում է, որ ադրբեջանական բանկերը սահմանափակել են բանկային գործարքները: Մասնակավորապես, խոսքը դրամական փոխանցումների մասին է:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը, անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամ կետ բնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է Կենտրոնական բանկը: