Պենտագոնի ղեկավարը հաստատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի վեց զինծառայողների զոհվելը
ՄիջազգայինԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հաստատել է Աֆղանստանում ամերիկացի վեց զինծառայողների զոհվելը: «Ես խորը ցավով իմացա այն մասին, որ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի վեց զինծառայողներ են զոհվել Աֆղանստանում»,- ասված է Քարթերի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:«Նրանք զոհվել են ինքնաշեն պայթուցիկ սարքով հանդերձված փոխադրամիջոցի պայթեման հետեւանքով՝ Բաղրամի ավիաբազայի սահմաններից դուրս տարածքի պարեկման ժամանակ»,- ճշտել է Քարթերը: Վիրավորվել է ամերիկացի եւս երկու զինվոր:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները իրենց գործընկերների հետ միասին կշարունակեն աշխատել Աֆղանստանում, «չնայած այդ ողբերգական պատահարին»: Քարթերը նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: