Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր է ստացել
ՄիջազգայինՉեռնոգորիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացման նախարար Իգոր Լուկշիչն ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նամակը, որով Չեռնոգորիան պաշտոնապես հրավիրվում է սկսել դաշինքին անդամակցելու գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ի երեկոյան հայտն ել է Չեռնոգորիայի ԱԳ նախարարությունը:
«Սահմանված ընթացակարգին համապատասխան՝ հրավեր-նամակի ստացումից հետո սպասվում է անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք կտեւեն մի քանի ամիս: Բանակցությունների ավարտին անդամ-պետությունները կստորագրեն Հյուսիսատլանտյան դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը, եւ կսկսվի վավերացման գործընթացը: Արձանագրությունը թույլ կտա Չեռնոգորիային՝ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների մեծ մասին»,- ասված է Չեռնոգորիայի կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: