Վրաստանի նախագահի հրամանագրով նախարարներն աշխատում են պաշտոնակատարների կարգավիճակով
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո հրամանագիր է հրապարակել նախարարներին պաշտոնակատարների կարգավիճակով օժտելու մասին՝ մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
«Վրաստանի Սահմանադրության 73 հոդվածի առաջին կետի եւ 80 հոդվածի առաջին կետի համաձայն՝ պարտականությունների կատարումը տրամադրել վրացական կառավարության նույն կազմին մինչեւ նոր կառավարության ստեղծումը»,- ասված է հրամանագրում:
Դեկտեմբերի 23-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
Վրացական ԶԼՄ-ները կուլիսային տեղեկատվություն են հաղորդում կառավարության նոր կազմի վերաբերյալ: Այսպես, «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտարարում է, որ Վրաստանի կառավարության նոր ղեկավար կդառնա Գեորգի Կվիրիկաշվիլին, որը ներկայում զբաղեցնում է հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնը: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նրան կփոխարինի նրա տեղակալ Միխայիլ Ջանելիձեն:
Նաեւ հաղորդվում է, որ Նոդար Խադուրիի փոխարեն պլանավորվում է ֆինանսների նախարար նշանակել Դմիտրի Կումսիշվիլիին, որը մինչ այժմ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Կումսիշվիլիին կփոխարինի Գեորգի Գախարիան կամ Մամուկա Բախտաձեն, որը ղեկավարում է Վրաստանի երկաթուղին:
Հաղորդվում է, որ այս տեղեկատվությունը կառավարության անդամները հաստատել են հեռուստաալիքի թղթակցի հետ անձնական խոսակցությունների ընթացքում:
Կուլիսներում նաեւ նշվում է, որ կառավարության նոր կազմում չեն լինի կրթության նախարար Թամար Սանիկիձեն, հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության գործերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին եւ սփյուռքի գործերի պետնախարար Գելա Դումբաձեն: