Հռոմում Թուրքիայի դեսպանությունը քաղաքացիներին հորդորել է չվնասել Իտալիայի պատմական հուշարձանները
ՄիջազգայինՀռոմում Թուրքիայի դեսպանությունը հորդորել է Իտալիա այցելող իր քաղաքացիներին չվնասել երկրի պատմական հուշարձանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ժամանակներս զբոսաշրջային այցերով Իտալիա ժամանած Թուրքիայի քաղաքացիները լուսանկարվելու համար վնասել են բաց երկնքի տակ գտվող հուշարձանները կամ պատմական կոթողների ավերակները, ինչի հետևանքով ձերբակալվել են, տեղափոխվել են դատարան ու անգամ տուգանվել են: Նմանօրինակ միջադեպերից խուսափելու նպատակով դեսպանությունը հորդորել է իր քաղաքացիներին չլուսանկարվել արգելված վայրերում, լուսանկարներ անելու համար չբարձրանալ պատմական հուշարձանների վրա ու չվնասել դրանք:
Վերջին միջադեպերից մեկը, որ տեղի էր ունեցել թուրք զբոսաշրջիկների հետ, կապված է Ազիզ Մութլու անունով մի Թուրքիայի քաղաքացու հետ, ով Հռոմի պատմական հուշարձաններից մեկի վրա փորագրել էր իր անունը: Այս քայլի համար Մութլուն տուգանվել էր 200 եվրոյով: Պատմական հուշարձանը վնասելու հետևանքով ևս 2000 եվրո տուգանք էր սահմանվել Թուրքիայի դեսպանությանը: