Ռիո դե Ժանեյրոյի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել առողջապահության ոլորտում
ՄիջազգայինՌիո դե Ժանեյրոյի իշխանությունները ճգնաժամի պատճառով՝ կապված պետական բուժհիմնարկների համար ֆինանսավորման բացակայության հետ, արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել առողջապահության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հայտնել է նահանգի նահանգապետ Լուիս Ֆեռնանդու Պեզաուն:
Նա նշել է, որ տարածաշրջանային կառավարությունն առաջիկա օրերին 135 մլն ռեալ (34,3 մլն դոլար) կստանա առողջապահության համերկրային նախարարությունից եւ 152 մլն ռեալ (34,86 մլն դոլար) գանձապետարանից իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: «Դա շատ կարեւոր է մեզ համար: Նահանգի իշխանությունները հաստոց չունեն փող տպելու համար: Մենք մեծապես կախված ենք այդ միջոցների փոխանցումից, նախ եւ առաջ ֆինանսական ճգնաժամի պատճառով, որն ապրում է երկիրը եւ որը լուրջ հետեւանքներ ունի մեր տարածաշրջանի համար»,- ասել է Պեզաուն:
Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը նահանգի իշխանություններին թույլ կտա արագացնել տարածաշրջանի պետական բուժհիմնարկների հաշիվներին միջոցների փոխանցման գործընթացը:
Ավելի վաղ դրանց մեծամասնությունը ֆինանսավորման բացակայության պատճառով դադարեցրել են հիվանդների ընդունումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց կյանքին իրական վտանգ Է սպառնում: Բուժաշխատողների խոսքով՝ իրենցից շատերը մինչ այժմ չեն ստացել նոյեմբերի աշխատավարձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: