Բաթումում քննարկվել են Վրաստանի եւ Թուրքիայի առեւտրատնտեսական համագործակցության հարցերը
ՄիջազգայինՎրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Նոդար Խադուրին եւ Թուրքիայի մաքսատան ու առեւտրական գործերի նախարար Բյուլենթ Տուպեկչին Բաթումում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի ֆիննախին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ մաքսային անցակետերի համատեղ կառավարումը, տուրիստական եւ տրանսպորտային հոսքերի աճին աջակցելը եւ այլ թեմաներ:
Սա թուրք նախարարի առաջին արտասահմանյան այցն Է պաշտոնամուտից հետո: Աշխատանքային այցի շրջանակներում երկու երկրների նախարարները այցելել են վրաց-թուրքական սահմանի Սարպի մաքսային անցակետ եւ ծանոթացել մաքսային ընթացակարգերին:
Խադուրին նշել Է, որ երկկողմ գործընկերության հետ մեկտեղ երկու երկրներին կապում են աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ Մետաքսի ճանապարհի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը, որոնցում ներառված Է նաեւ Ադրբեջանը:
«Եկել Է ժամանակը, երբ մեր երկրները պետք Է դուրս գան երկկողմ ձեւաչափի շրջանակներից եւ համագործակցությունը շարունակեն եռակողմ ձեւաչափով: Մեր երկրների միջեւ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրները կարելի Է լուծել միայն բոլոր երեք երկրների համատեղ ջանքերով: Մեր տեսլականը պետք Է ներառի տարածաշրջանային ամբողջ փոխադրամիջանցքը, որի մեջ մտնում են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, եւ որի զարգացման հեռանկարը ներառում Է նաեւ Թուրքմենստանը, Ղազախստանը եւ շահագրգիռ այլ պետություններ»,-ասել Է Խադուրին, հաղորդել Է Sputnik-ը: