Ֆրանսիայում 800 մարդ են տարհանել եկեղեցում ահաբեկչության վտանգի պատճառով
ՄիջազգայինԿաթոլիկական Սուրբ ծննդի նախօրեին ֆրանսիական ոստիկանությունը ստիպված է եղել ավելի քան 800 հավատացյալի տարհանել Բեզանսոն քաղաքի (երկրի հարավ-արեւելքը) Սուրբ Հովսեփի եկեղեցուց: Այդ մասին տեղեկացրել է շրջանային Est Republicain թերթը: Ահազանգը հայտարարվել էր այն բանից հետո, երբ ոստիկանությունը հեռախոսազանգ էր ստացել եկեղեցու կողքին կասկածելի մեքենայի առկայության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Օրենքի պահապանները ստիպված են եղել ընդհատել Սուրբ ծննդի պատարագը, որպեսզի կաթոլիկ եկեղեցուց շտապ դուրս բերեն բոլոր հավատացյալներին: Շենքի շուրջը 200 մ շառավղով անվտանգության գոտի է ստեղծվել: Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. շուտով հայտնվել է մեքենայի տերը, որն անվտանգության կանոնները խախտելով` մեքենան չափազանց մոտ էր կանգնեցրել եկեղեցուն: Այնուամենայնիվ, ոստիկանությունը նրան թույլ չի տվել մոտենալ մեքենային, մինչեւ այն ստուգելը: Վերջին կես դարի ընթացքում առաջին անգամ այս տարվա Սուրբ ծնունդն անցնում է արտակարգ դրության պայմաններում, որը մտցվել է Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո: Դեկտեմբերի 24-ի երեկոյից ամբողջ երկրում զգալիորեն ուժեղացվել է եկեղեցիների պահպանությունը:
Այդ կրոնական օբյեկտների անվտանգությունը, քաղաքային ոստիկանությունից բացի, ապահովում է 50 հազար ոստիկան, որոնցից 2 հազարը մաս են կազմում «անվտանգության հանրապետական վաշտերի» հատուկ ստորաբաժանումներին: Ընդհանուր առմամբ այդ օրերին շուրջօրյա հերթապահության համար քաղաքներում 120 հազար ոստիկան, ժանդարմ եւ զինվորական է մոբիլիզացվել: BFM հեռուստաալիքի տվյալներով, քաղաքացիական հագուստով զինված ոստիկանները անցած գիշեր ներկա են եղել եկեղեցիներում` Սուրբ ծննդյան պատարագի ընթացքում: Փարիզում 7 հազար զինվորական եւ ոստիկան ուղարկվել է մայրաքաղաքի եկեղեցիները եւ կրոնական այլ օբյեկտները պաշտպանելու: