ՆԱՏՕ-ն Գերմանիայից հետախույզ-օդանավեր է ուղարկելու Թուրքիա
ՄիջազգայինՕդային հետախուզություն ապահովելու նպատակով ՆԱՏՕ-ն Գերմանիայից Թուրքիա Boeing E-3 ինքնաթիռներ կուղարկի: Այս մասին գրում է Bild պարբերականը:
Բունդեսթագին ուղղված նամակում Գերմանիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները պարզաբանել են, որ հեռահար ռադիոտեղերոշիչ օդանավերը գերմանական Գեյլենկիրխեն ռազմաբազայից ժամանակավորապես կփոխադրվեն թուրքական Կոնյայի օդանավակայական:
Ինքնաթիռների բազմազգ անձնակազմը բաղկացած կլինի 16 հոգուց, որոնց շուրջ 30 տոկոսը՝ գերմանացի զինծառայողներ: Որոշման պատճառներից մեկը, հաղորդագրության համաձայն, Դաշինքի անդամ պետությունների հակաօդային պաշտպանության հզորացման անհրաժեշտությունն է:
Ըստ Lenta-ի, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որի կազմում ընդգրկված է նաեւ Գերմանիան, անցյալ տարվա աշնանից հարվածներ է հասցնում Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: 2015 թվականի սեպտեմբերից, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, այդ երկրում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծում է նաեւ Ռուսաստանը: