Պուտինի հատուկ բանագնացը գաղտնի Իսրայել է այցելել՝ Սիրիայի հարցով բանակցելու
ՄիջազգայինՍիրիայի հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը գաղտնի առաքելությամբ Իսրայել է այցելել, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնագրի մանրամասները: Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը:
Ըստ ՌԲԿ-ի, ռուսական պատվիրակին ընդունել է Իսրայելի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յոսի Կոհենը: Լավրենտեւը հանդիպել է նաեւ ՆԳՆ-ի եւ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Haaretz-ին տեղեկացրել է, որ Թել Ավիվն անհրաժեշտ է համարում, որպեսզի ռուսական կողմը քայլեր ձեռնարկի Սիրիայից լիբանանյան «Հըզբալլահ» շարժմանը զենքի մատակարարումը կանխելու ուղղությամբ: Բացի այդ, Իսրայելը կարծում է, որ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է դրույթ ներառի այն մասին, որ Սիրիան պետք է անհնար դարձնի Իսրայելի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար իր տարածքի օգտագործումը: