Վրաստանի էկոնոմիկայի նախարարը կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը. Կվիրիկաշվիլի
ՄիջազգայինԷկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը երկրի նոր կառավարությունում խորհրդարանի կողմից նրա հաստատվելուց հետո: Այդ հայտարարությամբ է այսօր հանդես եկել Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է ТАСС-ը:
«Կախի Կալաձեն բնականաբար կմնա փոխվարչապետ (Կալաձեն նաև էներգետիկայի նախարարն է) և փոխվարչապետ կդառնա էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին»,- նշել է Կվիրիկաշվիլին, ով մինչև դեկտեմբերի 23-ը երկրի արտգործնախարարն էր և փոխվարչապետը:
Սպասվում է, որ մինչև դեկտմեբերի 28-ը Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովները և ֆրակցիաները կքննարկեն Կվիրիկաշվիլիի և կառավարության անդամների թեկնածությունները, իսկ դեկտմեբերի 29-ին Քութաիսիում երկրի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քվեարկություն կանցկացվի նոր կառավարությանը և վարչապետին վստահության հարցի վերաբերյալ:
Ավելի վաղ Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանին հաստատման համար կներկայացնի կառավարության նախկին կազմը: «Այդ փուլում ես որոշել եմ խորհրդարանին հաստատման համար ներկայացնել Վրաստանի կառավարության նույն կազմը, իսկ արտգործնախարարի պաշտոնին կներկայացնեմ Միխայիլ Ջանելիձեի թեկնածությունը»,- նշվում է փաստաթղթում: