Գվատեմալայի իշխանությունները հրաժարվել են Հիսուսի ֆիգուրին գեներալի կոչում շնորհել
ՄիջազգայինԳվատեմալայի իշխանությունները երկրի ամենահայտնի՝ Անտիգուա քաղաքի Լա Մերսեդ եկեղեցու Հիսուս Քրիստոսի ֆիգուրին բանակի գեներալի կոչում չեն շնորհի: Ըստ Gazeta-ի, այս մասին հայտարարել է Գվատեմալայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ալեխանդրո Պալմիերին:
«Ո՛չ նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարությունն առաջ չեն տարել այս նախաձեռնությունը: Կարծում եմ՝ դրա հեղինակը կրոնական եղբայրությունը, եկեղեցին եւ հավատացյալներն են, որոնք այդ մասին հայտարարություններ եւ գովազդ են տարածում, բայց դա նախագահի նախաձեռնությունը չէ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
19-րդ դարում երկրի նախագահ Ռաֆայել Կարերան Հիսուսի ֆիգուրին գնդապետի կոչում է շնորհել՝ ի նշան երախտագիտության խոլերայի համաճարակի ժամանակ օգնության համար: Նոր կոչում շնորհելու մասին տեղեկությունը տարածել էր եկեղեցու հոգեւոր հովիվը, սակայն բարձրաստիճան հոգեւորականների հետ խորհրդակցություններից հետո Պալմիերին հերքել է այդ լուրերը: