Վրաստանի վարչապետի թեկնածուն իր կառավարության կազմը ներկայացրել է խորհրդարանի հաստատմանը
ՄիջազգայինՎրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին իր կառավարության կազմը ներկայացրել է խորհրդարանի հաստատմանը. նրանում գրեթե բոլոր պաշտոնները պահպանել են նախորդ նախարարները, նոր են լինելու միայն փոխվարչապետը եւ արտաքին գործերի նախարարը: Այդ պաշտոններն ավելի վաղ զբաղեցնում էր Կվիրիկաշվիլին ինքը:
Դեկտեմբերի 23-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնը թողնելու մասին: Դեկտեմբերի 25-ին խորհրդարանական մեծամասնությունը Կվիրիկաշվիլիին առաջադրել է կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Այդ թեկնածությունը պաշտպանել է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Նոր կառավարության անդամների թեկնածուների ցուցակը հրապարակված է Վրաստանի խորհրդարանի կայքում: ԱԳ նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրված Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Ջանելիձեն, փոխվարչապետի թեկնածու է դարձել էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին:
Սպասվում է, որ դեկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի կոմիտեներն ու խմբակցությունները կքննարկեն Կվիրիկաշվիլիի եւ կառավարության անդամների թեկնածությունները, իսկ դեկտեմբերի 29-ին Քութայիսում երկրի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկություն կանցկացվի նոր կաբինետին ու վարչապետին վստահության հարցի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: