Իրաքյան զորքերն ԻՊ-ից ազատագրել են երկրի գրավված տարածքի ավելի քան մեկ երրորդը
ՄիջազգայինԻրաքյան զորքերը դեկտեմբերի 27-ին Ռամադիում գրավել են նախկին կառավարական համալիրը, որը գտնվում էր «Իսլամական պետության» ջոկատների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իրաքցի զինվորականներին:
Դա Ռամադիում ԻՊ-ի զինյալների վերջին պատվարն էր՝ Բաղդադից մոտավորապես 90 կիլոմետր հեռավորության վրա գտնվող եւ առավելապես սուննի արաբ բնակչությամբ քաղաքում:
«Այդ համալիրի նկատմամբ հսկղությունը նշանակում է, որ զինյալները պարտություն են կրել Ռամադիում,- հայտնել է Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին:- Հաջորդ քայլը կլինի դիմադրության տեղային օջախների ճնշումը, որոնք կարող են լինել քաղաքում»:
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին, Թեհրանում ելույթ ունենալով Իսլամական միասնությանը նվիրված 29-րդ միջազգային խորհրդաժողովում, հայտնել է, որ վերջին շաբաթներին իրաքյան զորքերին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել Իրաքի գրավված տարածքի ավելի քան մեկ երրորդը: «Ավելի վաղ ահաբեկիչները գրավել էին երկրի մոտավորապես 55 տոկոսը, սակայն այժմ նրանք վերահսկում են մեր տարածքի միայն 19 տոկոսը, եւ մենք նրանց նահանջի վկաներն ենք»,- Իրաքի ԱԳ նախարարի խոսքը մեջբերել է Fars գործակալութ յունը: