Ռուսաստանի հետ հարաբերություններն ամբողջովին խզված չեն. Էրդողան
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակվում են:
Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամբողջովին խզված չեն: Ես միշտ ասում եմ, որ երկու երկրները չպետք է խզեն դիվանագիտական հարաբերությունները»,-ասել է նա՝ նշելով, որ շփումը շարունակվում է մի շարք ոլորտներում:
Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ Էրդողանը նշել է, որ չի ցանկանում, որ դրանցում բացասական տեղաշարժ լինի և դիվանագիտության շրջանակներում հնարավորինս փորձում են խուսափել դրանից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։