Իսլամի իմիջը լրջորեն արատավորված է բռնություններից. Իրանի նախագահ
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլմանները պետք է ձգտեն բարելավել իսլամի վերաբերյալ աշխարհի կարծիքը, որն այժմ, նրա խոսքով, զուգորդվում է բռնության հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք այսօրվա վիրտուալ եւ իրական աշխարհում պետք է ազատվենք իսլամի բացասական կերպարից»,- ասել է նա՝ Թեհրանում ելույթ ունենալով Իսլամական միասնությանը նվիրված միջազգային խորհրդաժողովում:
Ռոուհանին ընդգծել է, որ բռնությունը հակասում է իսլամի սկզբունքներին:
Նա նաեւ քննադատել է երկրներին, որոնք ամերիկյան զենք են գնում այն մուսուլմանների դեմ օգտագործելու համար: Ռոուհանին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցում նրա դաշնակիցներին:
Իրանի նախագահը նաեւ մուսուլմանական երկրներին մեղադրել է Սիրիայում, Իրաքում եւ Եմենում շարունակվող արյունահեղության կապակցությամբ լռություն պահպանելու մեջ: