Պենտագոնի նախկին ղեկավարը նախազգուշացրել է միջուկային պատերազմի աճող սպառնալիքի մասին
ՄիջազգայինՄիջուկային ահաբեկչության գործողությունը կամ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ «սխալմամբ» ռազմական գործողությունների վերաճումը միջուկային պատերազմի` գլխավոր վտանգներն են, որոնք մոտ ապագայում կարող են հանգեցնել միջուկային աղետի: Այս կարծիքը հայտնել է Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Վերջերս լույս տեսած իր հուշերի գրքում Փերին ձգտում է աշխարհին նախազգուշացնել այն մասին, որ նման սպառնալիքն իրական է, այն աճում է օրեցօր, եւ աղետը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ժամանակներս՝ գալիք տարում:Նրա կարծիքով՝ այսօր այն բանի հավանականությունը, որ միջուկային սպառնալիքը կվերաճի միջուկային հակամարտության, ավելի մեծ է, քան սառը պատերազմի ժամանակներում:Իր գլխավոր գիշերային մղձավանջը Փերին համարում է միջուկային ահաբեկչության սցենարը, ըստ որի չարագործների խումբը ռումբ Է բերում ԱՄՆ: Մահապարտն այն բեռնատար ավտոմեքենայով կարող է պայթեցնել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի եւ Սպիտակ տան շենքերի միջեւ, ինչը կհանգեցնի 80 հազար մարդկանց, ներառյալ նախագահի, ակնթարթային մահվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: