Թուրքիայի նախագահը մարտի 31-ին ԱՄՆ կայցելի. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մարտի 31-ին կայցելի ԱՄՆ՝ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին մասնակցելու համար: Այս մասին նա տեղական լրատվամիջոցներին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո:
Միջուկային անվտանգության վերաբերյալ չորրորդ ու վերջին միջազգային գագաթաժողովը նախանշված է 2016 թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը, Վաշինգթոնում: Առաջին նման գագաթաժողովը կազմակերպվել էր 2010 թվականին, Վաշինգթոնում, հաջորդները՝ 2012 թվականին Սեուլում եւ 2014 թվականին Հաագայում:
Ըստ ՏԱՍՍ-ի, օգոստոսին ամերիկյան Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են այն «քայլերը, որոնք կարելի է համատեղ ձեռնարկել՝ հարստացված ուրանի գործածումը նվազագույնի հասցնելու, խոցելի նյութերի անվտանգությունն ապահովելու, միջուկային մաքսանենգությանը դիմադրելու, ինչպես նաեւ միջուկային ահաբեկչության փորձերը զսպելու, բացահայտելու ու ձախողելու համար»: