ԱՄՆ-ում հայրը սպանել է 6-ամյա որդուն՝ տեսախաղի պատճառով
ՄիջազգայինԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի 31-ամյա բնակիչ Ջեյմս Դիրմանը տեսախաղի պատճառով Սուրբ Ծննդի նախօրեին սպանել է իր 6-ամյա որդուն:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, իրավապահներին հաջողվել է պարզել, որ տեսախաղ խաղացող տղամարդն անկարգություններ անող իր 2 որդիներին ուղարկել է քնելու, սակայն նրանք շարունակել են աղմկել: Ուստի հայրը որոշել է պատժել նրանց` կանգնեցնելով ու հրամայելով դեմքով շրջվել դեպի պատը։
Երբ Դիրմանը նկատել է, որ կրտսեր որդին շրջվել է իր կողմն ու հետևում է խաղին, սաստիկ զայրացել է։ Նա երեխային գցել է բազմոցի վրա ու ամբողջ մարմնով ընկել փոքրիկի վրա` վերջինիս դեմքը խրելով բարձերի մեջ: Դիրմանը շարունակել է իր խաղը խաղալ` անտեսելով որդու խոսքերը, որ նա չի կարողանում շնչել։ Այս ամենի հետևանքով երեխան շնչահեղձ է եղել։
Երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, նրանք արձանագրել են փոքրիկի մահը: Այժմ Դիրմանը գտնվում է բանտում` սպասելով իր դատին։