Կինն առաջին անգամ բարձրագույն պաշտոններից մեկն է զբաղեցրել Վեսթ-Փոինթի ակադեմիայում
ՄիջազգայինԿին զինծառայողն առաջին անգամ բարձր պաշտոն է զբաղեցրել Վեսթ-Փոինթի ամերիկյան ակադեմիայում: Բրիգադային գեներալ Դիանա Հոլլանդը հունվարի 5-ին երդում է տվել որպես կադետների համանատար (commandant of cadets):
Դիանա Հոլլանդը Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների վետերան է: Իր ներածական խոսքում նա ընձեռված հնարավորության համար շնորհակալություն է հայտնել հրամանատարությանը, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով բրիտանական Daily Mail-ին:
Բրիգադային գեներալը սպայական կոչում է գնդապետի եւ գեներալ-մայորի արանքում: Կադետների հրամանատարը զուգահեռաբար ղեկավարում է ակադեմիայում մարտավարության ամբիոնը եւ պատասխանատու է կուրսանտների կարգուկանոնի եւ ռազմական պատրաստության համար:
Վեսթ-Փոինթի ակադեմիան ԱՄՆ-ի հնագույն ռազմական հաստատություն է եւ հինգ ռազմական ակադեմիաներից ամենահամբավավորը: Հիմնադրվել է 1802-ին, կանայք այստեղ սովորելու իրավունք են ստացել միայն 1976-ին: