Եթե մենք Հայաստանի տարածքով ստանանք իրանական գազ, ապա տարանցման համար պետք է վճարենք «Գազպրոմին». Վրաստանի էներգետիկայի նախարարություն
Միջազգային
Georgia Online-ի փոխանցմամբ՝ իրանական գազի մատակարարումների դեպքում Վրաստանի մոտ կծագեն «Գազպրոմի» հանդեպ ֆինանսական պարտավորություններ։ Այդ մասին Բաթումում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։
Նրա խոսքերով՝ իրանական գազի մատակարարումները հնարավոր են միայն Հայաստանի տարածքով, ուր խողովակաշարերին տիրում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, և ֆինանսական պարտավորություններ կծագեն «Գազպրոմի» հանդեպ:
«Որպեսզի գազը հասնի Իրանից, այն պետք է անցնի Հայաստանի տարածքով և 700 միլիմետրանոց խողովակաշարով։ Այդ խողովակաշարին տիրում է «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և հետևաբար ենթակառուցվածքն էլ նրանն է։
Եթե մենք Իրանից ստանանք գազ, ապա մենք հարկադրված կլինենք տարանցման համար վճարել «Գազպրոմին»։ Վրաստանը հնարավորություն ունի գազ ստանալ Ադրբեջանից, Ռուսաստանից ու Իրանից։ Բոլոր երեք երկրների հետ էլ պետք է ունենանք բաց բանակցություններ, պետք է գործենք մեր երկրի շահերից ելնելով։ Որքան շատ դիվերսիֆիկացիա, այնքան ավելի լավ»։