Բելգիայում կարծում են, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչները ողջ են
ՄիջազգայինԲելգիայի ոստիկանությունը կարծում է, որ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչները ողջ են եւ ազատության մեջ են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTL հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը 2 հոգու մասին է, որոնք գործով անցնում են Բուզիդ եւ Քայալ անուններով: Ոստիկանությունը կարծում է, որ նրանք համակարգել են բրյուսելցի մահապարտների գործողությունները եւ նոյեմբերի 13-ին հեռախոսով հաղորդագրություններ են ուղարկել:
Դեկտեմբերի 4-ին երկու կասկածյալների նկատմամաբ հետախուզում էր հայտարարվել, սակայն այս պահին նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:
Հեռուստաալիքի տեղեկություններով այդ երկուսը սեպտեմբերի 9-ին փախստականների հետ հատել են Ավստրիայի եւ Հունգարիայի սահմանը Սալահ Աբդեսլամի հետ, որը Փարիզի մահապարտներից մեկի եղբայրն է եւ ակտիվորեն մասնակցել է ահաբեկչության կազմակերպմանը:
Նոյեմբերի 17-ին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո, նրանք 750 եվրո էին փոխանցել ահաբեկչության կազմակերպիչներից մեկի՝ Աբդելհամիդ Աբաուդի զարմուհուն:
Նոյեմբերի 18-ին Աբաուդն ու նրա քույրը սպանվել էին Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գործողության ժամանակ: