Կանխվել է Էրդողանին թունավորելու փորձը. Թուրքիայի առողջապահության նախարար
ՄիջազգայինԹուրքիայում արգելված համարվող «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները պլանավորել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն:
Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները:
Մուազզինօղլուն Էրդողանի դեմ նախապատրաստված մահափորձի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:
Հիշեցնենք, որ «Գյուլենական շարժման» առաջնորդը ամերիկաբնակ թուրք գործիչ, Էրդողանի երբեմնի համախոհ Ֆեթհուլլահ Գյուլենն է, ով այժմ համարվում է Էրդողանի հիմնական հակառակորդը:
Թուրքական ուժային կառույցները բազմաթիվ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալել են շարժման շատ անդամների՝ նրանց մեղադրելով երկրում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: