Պետք է վերջ դնել ԻՊ-ի հետ Անկարայի գաղտնի կապերին. գերմանացի քաղաքական գործիչ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել և վերջ դնել «Իսլամական պետություն» խմբավորման հետ Անկարայի գաղտնի կապերին, այլապես Սիրիայում հակամարտությունը կարող է չափազանց հեռուն գնալ, հայտարարել է Գերմանիայի ձախ կուսակցության նախագահի տեղակալ Սառա Վագենկնեխտը, գրում է РИА Новости-ն:
Սիրիայում հակամարտության սրման վտանգը չափազանց բարձր է, նշել է Վագենկնեխտը: Այսօրվա դրությամբ երկրում կռվում է 15 պետություն, երբեմն միասին, երբեմն իրար զուգահեռ, իսկ երբեմն՝ իրար դեմ: Ճգնաժամի կարգավորման ընդհանուր ռազմավարությունը բացակայում է, չկա անգամ պայմանավորվածություն այն մասին, որ ԻՊ-ի դեմ պայքարն իսկապես ամենակարևոր խնդիրն է:
Մասնավորապես ակնհայտ է, որ Թուրքիան այլ կերպ է դնում առաջնահերթությունները՝ պաշտպանելով ջիհադականների հետ կապերը, ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը:
Իրավիճակը կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կտրել ԻՊ-ի կապերը ֆինանսավորման աղբյուրներից, զրկել ահաբեկիչներին նոր աջակիցներ անդամագրելու և զենք ստանալու հնարավորությունից: Այդկերպ խմբավորման ներքին կառուցվածքը կխախտվի, և հնարավոր կլինի ազատագրել գրավված տարածքները։
«Բայց դրա համար Էրդողանի վրա պետք է ճնշում գործադրվի, պետք է վերջ դնել ահաբեկչությանն ուղղված նրա դիմակավորված աջակցությանը և փակել թուրքական սահմանն ԻՊ-ի համար»,- կարծում է Վագենկնեխտը: