Ռուսաստանում սկսել են երրորդ սերնդի մարտական հանդերձանքի ստեղծումը
ՄիջազգայինՌուսաստանցի զինվորականները 2015-ին երկրորդ սերնդի «Ռազմիկ» մարտահագուստի 80 հազար լրակազմ են ստացել: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի Ցամաքային զորքի հրամանատար Օլեգ Սալյուկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, սկսվել է զորքին սերիական մատակարարումը: 2015-ին մարտական նոր հանդերձանքով ապահովվել է 80 հազար զինվորական: Ինչպես նշել է Սալյուկովը, Ռուսաստանում արդեն երրորդ սերնդի մարտական հանդերձանք է ստեղծվում, որն իր բնութագրերով գերազանցում է արտասահմանյան համանման հագուստի նորագույն նմուշներին: «Մենք արդեն սկսել ենք երրորդ սերնդի հանդերձանքի ստեղծման աշխատանքը, որը կգերազանցի արտասահմանյան համանման նմուշները` հաշվի առնելով մինչեւ 2025 թվական դրանց զարգացման կանխատեսումները», - հավելել է Ցամաքային զորքի գլխավոր հրամանատարը: Նոր հանդերձանքը պիտի բարձրացնի մարտիկի շարժունակությունը էկզոկմախքների օգտագործման եւ հանդերձանքի կրելի մասի զանգվածը մինչեւ 20 կգ իջեցնելու շնորհիվ: