Բաքվի կենտրոնում փակվել են փոխանակման կետերը. մանաթի փոխարժեքի անկումը շարունակվում է
ՄիջազգայինՀունվարի 9-ի առավոտից Բաքվի բոլոր փոխանակման կետերը փակ էին, տեղեկացնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը: Դրանցից մի քանիսի առաջ հնարավոր էր տեսնել «սեւ շուկայի» փոխարժեքով տարադրամ փոխանակողների: Կենտրոնական բանկը որեւէ հայտարարություն կամ հաղորդագրություն չի արել, չնայած նախօրեին հավատացնում էր, որ առեւտրական բանկերն իրենք կորոշեն փոխարժեքը: Գործնականում մանաթի փոխարժեքի անկումը շարունակվում է:
Անվերահսկելի արժեզրկման գործընթացը զսպելու համար իշխանությունները վարչական միջոցներ են ձեռք առնում` փակելով փոխանակման կետերը: Նախօրեին աշխատանքային օրվա ավարտին Ադրբեջանի ԿԲ-ի կողմից առք ու վաճառքի գների միջեւ 4 տոկոսանոց տարբերության մասին հանձնարարականից հետո մի շարք բանկեր իջեցրին արտասահմանյան տարադրամների փոխարժեքները: Սակայն ԱԿԲ-ի հրահանգի հրապարակումից անմիջապես հետո բոլոր փոխանակման կետերը փակվեցին
Շաբաթ առավոտից Բաքվում փակ են արդեն նաեւ բանկերը, ներառյալ մասնաճյուղերը, որոնք շաբաթ օրերին սովորաբար աշխատում էին, բայց ավելի կարճ ժամանակով: