Մոսուլում ԻՊ-ի ահաբեկիչները 80 մարդու են մահապատժի ենթարկել. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԼուսանկարը՝ AP-ի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում առնվազն 80 մարդու են մահապատժի ենթարկել: Նրանց թվում եղել են իրավապահներ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է իրաքյան Alsumaria հեռուստաընկերությունը՝ սեփական աղբյուրների հղումով:
«Զինյալները մահապատժի են ենթարկել 80 մարդու՝ ներառյալ ոստիկանության աշխատակիցների, զինվորականների և խմբավորման գաղափարախոսությանը դեմ անձանց: Նրանց գնդակահարել են Նայնավա նահանգի կենտրոնական մասում գտնվող Էլ-Ղազլանի ռազմական ճամբարի մոտ»,-ասել է աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել ինքնությունը:
Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչները մարդկանց մեղադրել են լրտեսության և Իրաքի իշխանությունների հետ համագործակցելու համար:
Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը ԻՊ-ի ահաբեկիչները գրավել են 2014 թվականի հունիսին: