Չինաստանը մտադիր է ընտանիքում երեխաների քանակի սահմանափակել մինչեւ 2045թ.
ՄիջազգայինՉինաստանի իշխանությունները ընտանիքում երեխաների քանակի սահմանափակումները կպահպանեն առնվազն մինչեւ 2045թ., հայտնում է Reuters-ը։
Ինչպես հայտնել է ՉԺՀ Առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հարցերով ազգային հանձնաժողովի փոխտնօրեն Վան Պեյանը, պաշտոնական Պեկինը մտադիր է երկարաժամկետ հեռանկարով սահմանափակել ծնելիությունը։ «Առնվազն 20-30 տարով։ Որոշ ժամանակ հետո մենք կտեսնենք ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական փոփոխությունները, այն ժամանակ էլ կփոխենք մեր ժողովրդագրական քաղաքականությունը»,- ասել է նա, փոխանցում է Lenta-ն։
Հարցին, թե չի հանգեցնի դա արդյոք նրան, որ Չինաստանը կծերանա ավելի շուտ, քան կհարստանա, Վանը պատասխանել է, որ բնակչության ծերացումը գլոբալ խնդիր է եւ հասարակական զարգացման անխուսափելի միտում։ Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ թե աշխատուժի քանակը, այլ որակը։