Վրաստանը Ադրբեջանին մեղադրել է գազի մատակարարման ընդհատումների մեջ
ՄիջազգայինՎրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիդ Թվալաբեիշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «մի շարք դեպքերում գազի անընդհատ մատակարարում չի ապահովում»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Վրաստան մատակարարվող Ադրբեջանի «Շահդենիզ» հանքահորից արդյունահանվող գազի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս, SOCAR-ի մասնաբաժինը` 50 տոկոս, իսկ ռուսաստանյան ընկերության մասնաբաժինը` 20 տոկոս: Պետք է նշել, որ վերջին շրջանում գազի սպառումը Վրաստանում զգալիորեն աճել է: SOCAR-ը երբեմն ընդհատումներով է գազ մատակարարում Վրաստան: Այդ պատճառով մի շարք դեպքերում մենք հարկադրված ենք հավասարակշռությունը պահպանել ռուսաստանյան գազի հաշվին», -նշել է Թվալաբեիշվիլին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջին շրջանում Վրաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ գազի մատակարարման ծավալները մեծացնելու վերաբերյալ:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թբիլիսիում հայտարարել էր, որ Ադրբեջանը «100 տարվա գազի պաշարներ ունի եւ կարող է գազով անընդհատ ապահովել հարեւաններին»: