ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կարգավորելիս համագործակցելու է մյուս երկրների հետ. Օբամա
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները պլանավորում է այսուհետեւ էլ միջազգային կարեւորագույն հիմնախնդիրները լուծել ոչ թե միայնակ, այլ կոալիցիաների կազմում: Վաշինգտոնը գտնում է, որ նման մոտեցումն իրեն արդարացրել է Իրանի հետ միջուկային գործարք կնքելիս եւ պետք է օգտագործվի սիրիական խնդրի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հունվարի 12-ի երեկոյան Կոնգրեսում ելույթ ունենալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
Նա ընդգծել է, որ եթե պահանջվի, Ամերիկան պատրաստ է ինքնուրույն պաշտպանել իր անվտանգությունն արտաքին սպառնալիքներից, բայց «երբ խոսքը վերաբերում է գլոբալ հիմնախնդիրներին, մենք ջանալու ենք համախմբել ամբողջ աշխարհը՝ համատեղ աշխատանքի համար»: «Սա է մեր մոտեցումը հակամարտությունների նկատմամբ այնպիսի երկրներում, ինչպիսին Սիրիան է, որտեղ մենք գործում ենք տեղի ուժերի հետ գործընկերությամբ եւ գլխավորում ենք այդ երկրում կայուն խաղաղության հասնելուն միտված միջազգային ջանքերը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
«Մենք ստեղծեցինք պատժամիջոցներ ու դիվանագիտություն կիրառող գլոբալ կոալիցիա, որպեսզի թույլ չտանք միջուկային զենքի հայտնվելն Իրանում: Այժմ Իրանը կրճատել է իր միջուկային գործունեությունը, դուրս է բերել հարստացված ուրանի պաշարները, եւ աշխարհը խուսափել է եւս մեկ պատերազմից»,- նշել է Օբաման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: