Ադրբեջանում թանկացումների դեմ բողոքի ակցիաներն ընթանում են ոստիկանության հետ բախումներով եւ ձերբակալություններով
ՄիջազգայինԱդրբեջանում բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացումների դեմ երկրի ամբողջ տարածքում սոցիալական պահանջներով երեկ սկսված բողոքի ակցիաները շարունակվուն են: Դրանք վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում կան մեծ թվով ձերբակալվածներ:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, մասնավորապես, Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել եւ ձերբակալություններ սկսել: Չնայած դրան, այսօր առավոտվանից գործադիր իշխանության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ շարունակում են ակցիան եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:
«Թուրան»-ը հայտնում է, որ բողոքները կանխելու ուժային միջոցները նաև շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում եւ Աղջաբեդիում:
Ուշագրավ է, որ Լենքորանի շրջանի Լիման քաղաքում հունվարի 12-ին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ոստիկանությունը ձերբակալել է տեղացի երկու ընդդիմադիր ակտիվիստի` Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Նազիմ Հասանլիին եւ «Մուսավաթ» կուսակցության անդամ Իման Ալիեւին: Նրանց մեղադրում են այն բանում, թե հենց նրանք են մամուլին տեղեկություններ հաղորդել բողոքի ակցիայի մասին:
Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:
Ադրբեջանում հատկապես սննդի թանկացումների դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:
Աղջաբեդիում թանկացումների դեմ երեկ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 20-25 տարեկան երեք բնակիչներ բարձրացել են 5 հարկանի շենքի տանիք եւ ի բողոք թանկացումների փորձել ինքնասպանության դիմել` նետվելով այնտեղից: Իրավապահներին եւ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին հազիվ է հաջողվել երիտասարդներին համոզել հետ կանգնել ինքնասպանության դիմելու փորձից:
Ադրբեջանում բոլոր տեսակի` այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի` մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետեւանքով, ինչը պայմանավորված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրներիարտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է: Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը վերջին մեկ տարում արդեն երկու անգամ արժեզրկվել է: Ներկայում Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը գնվում է 2 մանաթով: