«Գազպրոմ»-ը Վրաստանին ավելի էժան գազ է առաջարկում, քան SOCAR-ը. փոխվարչապետ
ՄիջազգայինՌուսաստանյան «Գազպրոմ»-ը Վրաստանին ավելի էժան բնական գազ է առաջարկում, քան Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նրա խոսքով` այդ գազը գնելու դեպքում Վրաստանը կհավասարակշռի պակասորդը, որը չի կարողանում լրացնել SOCAR-ի հաշվին:
«Չեմ նշի թվերը, բայց կարող եմ ասել, որ առաջարկվող ռուսաստանյան գազի գինը ցածր է այսօր Ադրբեջանի հետ մեր ունեցածից: Այդ գները բավականին մրցունակ են, եւ մենք դա ներկայացրել ենք SOCAR-ին: Նրանց բացարձակ բաց կերպով ասել ենք, թե ինչպիսի առաջարկներ ունենք», -ասել է Կալաձեն:
Նրա խոսքով` SOCAR-ը չի կարող ամբողջությամբ բավարարել Վրաստանի գազի պահանջարկը, որի պատճառները խողովակների թողունակությունը եւ բնական գազի սպառման սեզոնայնություն են:
«2014 թվականի համեմատ 2015 թվականին Վրաստանի գազի սպառման ծավալը 19 տոկոսով աճել է: Ադրբեջանական խողովակով SOCAR-ից մենք ստանում ենք 6 մլն խմ գազ, «Շահդենիզ»-ից` 2,9 մլն խմ եւ 2,5 մլն խմ, այսինքն` 10 տոկոս Ռուսաստանից` տարանցման դիմաց: Դրանից ավելի գազ SOCAR-ի խողովակաշարից մենք չենք ստանում, քանի որ Ղազախից եկող խողովակը 6 մլն խմ գազից ավելի թողունակություն չունի», -ասել է Վրաստանի փոխվարչապետը:
Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել լուրերն այն մասին, որ Վրաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել մատակարարվող գազի ծավալները, ինչի համար բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Իրանի հետ: