Թուրքիան քրդերին կոտորում է ԵՄ զենքերով. քուրդ քաղաքական գործիչ
ՄիջազգայինԹուրքայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Օսման Բայդեմիրը, Եվրոպայի խորհրդարանում դիմելով Եվրամիությանը, հայտարարել է, որ թուրքական պետությունը քրդերին կոտորում է ԵՄ զենքերով:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական DemokratHaber կայքը, Բայդեմիրը հայտարարել է Եվրոպայի խորհրդարանում կազմակերպված «Թուրքիայում աճող պետական բռնությունը. հարձակումների ենթարկվող քրդերը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքական պետությունը Քրդստանում քաղաքացիների դեմ ԵՄ պետությունների զենքերն է կիրառում: Կոչ ենք անում ԵՄ-ին եւ կառավարություններին. ԵՄ-ն չպետք է ճանաչի Քրդստանում երեխա սպանելու Թուրքիայի իրավունքը: ԵՄ-ն չպետք է լուռ մնա այս հարցում», -հայտարարել է նա:
Օսման Բայդեմիրը նշել է, որ ԵՄ արժեքներից ոչ մեկը թուրքական Քրդստանում չի իրագործվում: Քրդստանում իրավունքի եւ մարդու իրավունքների որեւէ կենտրոն հիմնելու հնարավորություն չկա:
Քուրդ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ամեն տեսակի ջանքեր են գործադրելու Թուրքիայում քրդերի դեմ պատերազմական հանցագործությունների համար պատժելու նպատակով:
«Այդ հանցագորխությունները պետք է պատժվեն միջազգային դատարաններում եւ Հաագայում», -ասել է նա: