ՄԱԿ-ին չհաջողվեց հումանիտար օգնություն հասցնել Դեյր Զոր
ՄիջազգայինՄԱԿ-ն այս ամիս երրորդ անգամ հումանիտար օգնություն եւ դեղորայք է հասցրել Սիրիայի Մադայա, Ֆուա եւ Կեֆրայա բնակավայրեր: Մինչդեռ չի հաջողվել մարդասիրական օգնություն ցուցաբերել Դեյր էզ-Զորի բնակչությանը, որը պաշարված է հակամարտության մասնակիցների կողմից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը վկայակոչել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների տվյալները, որոնց համաձայն Դեյր Զորի արեւմտյան մասում շուրջ 200 հազար մարդ գտնվում է պաշարման մեջ:
«Բնակիչները շտապ մարդասիրական աջակցության, մասնավորապես, պարենամթերքի եւ բուժօգնության կարիք ունեն: Հաղորդումներ են ստացվում նաեւ հյուծման եւ սովահարության դեպքերի մասին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը շարունակում է հացի մատակարարումները, սակայն քաղաքին հումանիտար եւ առեւտրային մատակարարումների հնարավորությունը սահմանափակված է:
ՄԱԿ-ն ստացել էր Սիրիայի իշխանությունների թույլտվությունը օդով Դեյր Զորին օգնություն մատակարարելու համար, «սակայն քաղաքի արվարձաններում կատաղի ընդհարումները թույլ չեն տվել իրականացնել գործողությունը»,- ասել է Հակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: