ՌԴ-ն կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ի պատասխան ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնման
ՄիջազգայինՌԴ զինված ուժերի բազայի հիման վրա չորս նոր դիվիզիաների ձևավորումը արևմտյան և կենտրոնական ուղղություններով պատասխան են ՌԴ սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու սպառնալիքին:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցեվիչը: «4 նոր դիվիզիաների ձևավորումը, որոնցից երեքը կլինեն արևմտյան, մեկը՝ կենտրոնական ուղղություններով, անմիջականորեն բխում է ազգային անվտանգության ռազմավարությունից, որն անցած տարվա վերջին հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է նա:
Կլինցեվիչը հիշեցրել է, որ այդ ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ուժային հնարավորությունների ընդլայնումը և նրա մոտենալը ՌԴ սահմաններին որակվում է որպես սպառնալիք ՌԴ անվտանգությանը: «Դիվիզաների ձևավորումը պատասխան է հենց այդ սպառնալիքին: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն նաև լրացուցիչ քայլեր»,- եզրափակել է նա:
Ավելի վաղ ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը լրագրողներին հայտնել է, որ 2016թ. ՌԴ զինված ուժերի բազայի հիման վրա կձևավորվի 4 նոր դիվիզիա՝ երեքն արևմտյան, մյուսը՝ կենտրոնական ուղղությամբ: