«Թալիբան» խմբավորումը պահանջել է իրեն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
ՄիջազգայինԱֆղանական արմատական «Թալիբան» շարժումը կքննարկի երկրում 15-ամյա քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ուղղությամբ խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, երբ ՄԱԿ-ը նրան հանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Նման պայման է հնչեցվել Կատարում ֆորումի ընթացքում, գրում է Reuters-ը:
Խոսքը ՄԱԿ-ի որոշման մասին է, որը սահմանափակում է «Թալիբանի» առաջնորդների շարժունակությունը եւ ֆինանսական ակտիվները կառավարելու հնարավորությունները: «Թալիբանից» իր անունը չհայտնած աղբյուրի խոսքով, խմբավորումը պահանջում է, որ իր անդամներին թույլ տրվի «անխոչընդոտ ճամփորդել աշխարհում», հետո միայն կքննարկի խաղաղ բանակցություններին մասնակցելու հնարավորությունը:
Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», հունվարի 18-ին Քաբուլում տեղի է ունեցել Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քառակողմ բանակցությունների երկրորդ փուլը: ԱՄՆ-ի, Չինաստանի եւ հենց Աֆղանստանի ներկայացուցիչները արմատական «Թալիբան» խմբավորման հետ 15-ամյա հակամարտությանը վերջ դնելու «ճանապարհային քարտեզ» են մշակում: Շուտով միջնորդների մտահղացման համաձայն, բանակցությունների սեղանի շուրջ կնստեն նաեւ թալիբների առաջնորդները: