Ռոուհանին Ֆրանսիայում կքննարկի Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ տնտեսական կապերը
ՄիջազգայինՖրանսիան եւ Իրանն առանձնահատուկ կարեւորություն են տալիս Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի՝ հունվարի 27-ին սկսվող երկօրյա այցին: Իրանի՝ նման մակարդակի ներկայացուցիչներ Ֆրանսիայում չեն եղել 1999 թվականից, տեղեկացնում է Արմենպրեսը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հունվարի 26-ին՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտնել է, որ կողմերը «կքննարկեն մի ամբողջ շարք կարեւոր քաղաքական խնդիրներ, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը»: Նա չի թաքցրել, որ առանձնակի ուշադրություն է դարձվելու Փարիզի եւ Թեհրանի տնտեսական համագործակցության զգալի ընդլայնման ապահովմանը: Պատահական չէ, որ այցի արդեն առաջին օրը Ռոուհանին ոչ միայն բանակցություններ կվարի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, այլեւ հանդիպում կունենա ֆրանսիացի ձեռնարկատերերի հետ:
Ուղեւորության ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են մեծ խումբ նախարարներ եւ շուրջ հարյուր իրանցի գործարարներ: Պաշտոնական Թեհրանն արդեն հայտնել է, որ այցի ընթացքում պլանավորվում է խոշոր պարտավորագիր ստորագրել Airbus ընկերության 114 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ:
Le Monde ֆրանսիական թերթի տվյալներով՝ «գնվող ինքնթիռների թիվը կարող է հասնել 127-ի, իսկ պարտավորագրի արժեքը կարող Է հասնել 18,5 մլրդ դոլարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: