Օբաման խորհրդակցություն է անցկացրել Զիկա տենդից պաշտպանվելու միջոցառումների շուրջ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 26-ին Ազգային անվտանգության խորհրդի եւ երկրի առողջապահության համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է Զիկա տենդի վիրուսից պաշտպանվելու միջոցառումները, որը ճարակել է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկան, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Նախագահն ընդգծել է առավել մատչելի ախտորոշիչ թեստերի, պատվաստանյութերի մշակման եւ բուժման համար հետազոտություններն արագացնելու անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ում արդեն հաստատվել է վտանգավոր հիվանդությամբ ախտահարվելու առնվազն երկու դեպք, որով մարդիկ վարակվել են արտասահմանում:
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, այն երբեմն մարդուն փոխանցվում Է մոծակների միջոցով եւ բնութագրվում է բարօրակ ընթացքով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ առաջացնում է պտղի միկրոցեֆալիա՝ ուղեղի հնարավոր ծանր ախտահարմամբ:
Առողջապահության համաշխարհային կազակերպության եւ Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման եվրոպական կենտրոնի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2015 թվականի ապրիլից Բրազիլիայում, իսկ այնուհետեւ Հարավային Ամերիկայի մյուս երկրներում նկատվում է Զիկա տենդի արագ տարածում: Այսօրվա դրությամբ Բրազիլիայի 18 նահանգներում հիվանդանալու ավելի քան կես միլիոն դեպք Է գրանցված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: