Գերմանիայի ԱԳՆ-ն Լավրովին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
ՄիջազգայինԳերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մեջ։
Շթայնմայերի խոսքով՝ ոչ մի արդարացում չունի Լիզա անունով ռուս աղջկա դեպքը (որին, ծնողների պատմելով, առեւանգել եւ բռնաբարել են ենթադրաբար փախստականները) քաղաքական քարոզչության նպատակով օգտագործելը, հայտնում է Deutsche Welle-ն։
Նախարարն անթույլատրելի է համարել միգրանտների՝ առանց այդ էլ բարդ ներգերմանական քննարկումներին միջամտելը եւ դրանք բորբոքելը։ «Ես կարող եմ Ռուսաստանի իշխանություններին միայն խորհուրդ տալ հաշվի առնել հետաքննության արդյունքները»,- հավելել է նա, փոխանցում է Lenta-ն։
Շթայնմայերն այս հայտարարությունն արել էր ի պատասխան Լավրովի այն արտահայտության, որով ՌԴ արտգործնախարարը Գերմանիայի իշխանություններին մեղադրել էր «ներքաղաքական նպատակով իրականությունը քողարկելու փորձերի մեջ»։
Նշենք, որ Լիզայի հարազատները պնդում են, որ երեխան անհետացել է հունվարի 11-ի առավոտյան Բեռլինում՝ դպրոցի ճանապարհին։ Նրան մեկ օր անց գտել էին փողոցում։ Ընտանիքի անդամների վստահեցմամբ՝ 13-ամյա աղջկան ծեծել եւ բռնաբարել էին։