PKK-ի առաջնորդ Օջալանը դարձել է Նեապոլի պատվավոր քաղաքացի
ՄիջազգայինԻտալիայի Նեապոլ քաղաքի ավագանին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Firat լրատվական գործակալությունը, որոշումը կայացվել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսի առաջարկով:
Նշվում է, որ նման որոշմամբ` Նեապոլի ղեկավարությունն աջակցություն է հայտնել Թուրքիայում քրդերի ինքնավարության ստեղծմանը:
«Աբդուլլահ Օջալանը քուրդ ժողովրդի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդն է: Նա պայքարել է քրդերի նկատմամբ իրականացված ճնշումների դեմ եւ դաժան բռնատիրական քաղաքականության հետեւանքով խախտված մարդու իրավունքների վերականգնման համար», -ասվում է որոշման մեջ:
PKK-ի առաջնորդ Օջալանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը եւս:
Թուրքիայի իշխանությունները Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկության են ենթարկել Աբդուլլահ Օջալանին: PKK-ն Թուրքիայում արգելված կուսակցություն է: