Ուկրաինան «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով հայց է ներկայացրել Էներգետիկ ընկերակցության քարտուղարություն
ՄիջազգայինՈւկրաինան Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության հարցով հայց է ներկայացրել Էներգետիկ ընկերակցության քարտուղարություն: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Կիեւում Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը:
Յացենյուկի խոսքով, դա քաղաքական նախագիծ է: «Մենք Եվրահանձնաժողովին խնդրում ենք հետաքննություն սկսել եւ դադարեցնել հակաեվրոպական, հակաուկրաինական, հակասլովակյան, հակալեհական նախագիծը»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:
Ըստ Ուկրինֆորմի, Միրոսլավ Լայչակը նույնպես «Հյուսիսային հոսք 2»-ը քաղաքական նախագիծ է անվանել. «Nord Stream-2-ն Ուկրաինայի դեմ ուղղված նախագիծ է, իսկ Եվրամիությունը մոտենում է էներգետիկայի տարբերակմանը, այդ պատճառով մենք ձեզ հետ նույն ուղու վրա ենք, եկեք միասին շարունակենք պայքարել»: