Քերին Դամասկոսից պահանջել է դադարեցնել մարտական գործողությունները ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում
ՄիջազգայինՍիրիայի կառավարական զորքերը եւ նրանց դաշնակիցները պետք է դադարեցնեն մարտական գործողությունները ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում, որպեսզի ճգնաժամը հաջողվի լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետքարտո ւղար Ջոն Քերիի հայտարարության մեջ, որը փետրվարի 3-ին տարածել է Պետդեպարտամենտը:
«Մենք կոչ ենք անում ռեժիմին ու նրա դաշնակիցներին՝ դադարեցնել ընդդիմության կողմից վերահսկվող շրջանների գնդակոծումը, հատկապես Հալեպում, ինչպես նաեւ դադարեցնել քաղաքացիական անձանց շրջափակումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2165, 2254 եւ 2258 բանաձեւերին համապատասխան»,- նշել է Քերին: Նրա խոսքով՝ «արդեն վաղուց ժամանակն է» միջազգային հանրությանը վերադարձնել այն վստահությունը, որ Սիրիայի իշխանությունները նպատակ ունեն հասնել հակամարտության քաղաքական լուծման:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, «ռուսական ավիահարվածների աջակցությամբ ռեժիմի զինված ուժերի կողմից շարունակվող գրոհները», ինչպես նաեւ «հարյուր հազարավոր քաղաքացիական անձանց շրջափակումը» խոսում են հակամարտությունը «ոչ թե քաղաքական, այլ ռազմական ճանապարհով» լուծելու մտադրության մասին:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում ամսվա վերջին բանակցությունների վերսկսմանը, ինչի մասին հայտարարեց հատուկ ներկայացուցիչ դե Միստուրան: Այդ ընդմիջման ընթացքում աշխարհը պետք է շարժվի մեկ ուղղությամբ՝ սիրիական ժողովրդի ճնշումների ու տառապանքների դադարեցման, հակամարտության ավարտման, այլ ոչ թե դրա ձգձգման ուղղությամբ»,- հավելել է Ջոն Քերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: