Նախկին սենատոր Սանթորումը դուրս է գալիս ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավից
ՄիջազգայինՓենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիք Սանթորումը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի միասնական թեկնածու առաջադրվելու համար պայքարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա փետրվարի 3-ին հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
Սանթորումը նշել է, որ որոշում է ընդունել «դադարեցնել ընտրարշավը»: Ընդսմին նա հանդես է եկել հաջակցություն մեկ այլ հանրապետականի՝ Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոյի, որին համարել է «բնածին առաջնորդ»:
Փետրվարի 3-ին ավելի վաղ նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին հայտարարել Է նաեւ Քենտուկիի նահանգից սենատոր Ռենդ Փոլը: Նա Այովայի նահանգում փետրվարի 1-ին կայացած նախնական ընտրություններում միայն հինգերորդ տեղն էր զբաղեցրել (4,5 տոկոս) ԱՄՆ-ի նախագահի հանրապետական հավակնորդների շարքում:
Այովայի ընտրություններից առաջ հանրապետական հավակնորդները 12-ն էին: Ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո նախընտրական արշավից դուրս էր եկել Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին:
Այժմ մնում են 9 քաղաքական գործիչներ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին, Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը, Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան, Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջիմ Գիլմորը, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը եւ Ռուբիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: