Հունաստանը Թուրքիային բողոք է ներկայացրել
ՄիջազգայինՀունաստանը Թուրքիային բողոք է ներկայացրել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ինքնաթիռի թռիչքի ծրագրի ընդունումից հրաժարվելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 7-ին այցով գտնվել է Թեհրանում: Նա Հունաստանի օդուժերի ինքնաթիռներից մեկով թռչել է Աթենքի մոտակա օդանավակայանից: Հետո ինքնաթիռը պետք է վերալիցքավորման համար վայրէջք կատարեր Ռոդոս կղզում եւ Թուրքիայի ու Սիրիայի օդային տարածքներով թռչեր Իրան:
Սակայն, Թուրքիան հրաժարվել է ընդունել թռիչքի պլանը` հղում կատարելով այն բանին, որ Ռոդոսն ապառազմականացված կղզի է, եւ ռազմական ինքնաթիռն այնտեղ վայրէջքից հետո չի կարող շարունակել երթուղին թուրքական տարածքով: Արդյունքում հունական կողմը որոշել է Իրան թռչել շրջանցելով Թուրքիան:
Ալեքսիս Ցիպրասի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Հունաստանը վճռական բողոք է ներկայացրել Անկարայի «բացարձակապես անհիմն եւ միջազգային իրավունքին ու պայմանագրերին չհամապատասխանող անընդունելի գործողությունների» համար: